23/06/2017 14:56
5 տոկոս տնտեսական աճն առնվազն համահունչ չէ ԱԺ-ում ՀՀ նախագահի հնչեցրած ելույթին. Վարդան Բոստանջյան
5 տոկոս տնտեսական աճի պայմաններում հնարավոր չէ իրականացնել ծրագրային այն դրույթները, որոնք ՀՀ նախագահը բարձրաձայնեց 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական դրույթներին:
- Պարոն Բոստանջյան, հնարավո՞ր է 5 տոկոս տնտեսական աճով կյանքի կոչել կառավարության ծրագրում ամրագրված տնտեսական դրույթները:
- 5 տոկոս տնտեսական աճը առնվազն համահունչ չէ ՀՀ նախագահի՝ մայիսի 18-ին ԱԺ-ում հնչեցրած ելույթին, որը ծրագրային ելույթ էր: Նախատեսվում է մինչև 2040 թիվը ամրագրել ՀՆԱ-ի այնպիսի մակարդակ, որին 5 տոկոսով երբեք չենք կարող հասնել, հետևաբար ՀՀ-ին առնվազն այս պահին 8 տոկոսից ոչ ցածր տնտեսական աճ է պետք, իսկ 2018-2019 թթ. անմիջապես երկնիշ տնտեսական աճի անցում:
- Այսինքն, այդ ամենն ապահովելու համար հնարավորություններ ստեղծվա՞ծ են:
- Ոչ թե ստեղծված են, այլ պետք է ստեղծել: Տարբերություն կա:
- Ի՞նչ է այդ առումով պակասում կառավարության ծրագրում:
- Դա ծրագիր է կառավարության գործունեության մասին, բայց վերջնարդյունքների ամրագրում, դրանց մակարդակների շեշտադրում և դրանց հասնելու ճանապարհների պարզորոշ ներկայացում չկա: Կարևոր ու հրատապ խնդիրները դրված են, բայց դրանց հասնելու հավանականությունը մեծ չէ:
- Ծրագրում նախատեսվում է Doing Business-ում Հայաստանը հասցնել 25-րդ հորիզոնականի: Դրա համար ի՞նչ քայլեր են պետք:
- Բազմաթիվ. օրենսդրական դաշտի փոփոխություն, դրա հարմարեցում ԵՄ երկրների հետ, որոնց հետ համագործակցության շրջանակների ընդլայնում է պետք: Բայց օրենսդրական համապատասխան փոփոխություններից զատ նաև պատասխանատվության ինստիտուտի սահմանում է անհրաժեշտ: Ցանկացած ծրագրի իրականացման համար պետք է լինեն պատասխանատուներ: Նրանք համապատասխան արդյունք չապահովելու համար պատասխանատվության պիտի ենթարկվեն, հակառակ պարագայում, եթե պրոցեսը շարունակվի այնպես, ինչպես հիմա է, այսինքն՝ որևէ մեկը իր վրա ծանրաբեռնվածություն չվերցնի, ոչինչ չի փոխվի:
- Դեմ քվեարկեցիք կառավարության ծրագրին: Միայն նոր ծրագրային դրույթները չբավարարեցի՞ն, թե՞ նախորդ 9 ամսիների մեջ բացթողումները շատ էին:
- Հասկանալի է, որ 9 ամիսները տնտեսական համակարգերի համար կարճ ժամանակահատված է, և մեծ հաջողությունների հնարավոր չէ հասնել, բայց գոնե այս ամիսների ընթացքում այն նախադրյալները պիտի տեսնեինք, որոնք հիմք են տալիս ցատկ իրականացնել: Ցավոք, մենք այդ նախադրյալները չենք տեսնում: