23/06/2017 11:47
Մինչև տարվա վերջ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է լինելու. Վիգեն Սարգսյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքնենրի բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
«Խոսքը տեղադրված տեսախցիկների միջոցով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխումն է, որով մենք լուծում ենք զոհված ազատամարտիկների ու զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը, ինչպես նաև՝ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող բնակարանային խնդիրը», - մանրամասնեց Պաշտպանության նախարարը։
Նա ընդգծեց, որ իրենք յուրաքանչյուր տարի բյուջետային ծրագրով լուծում են այդ հարցը 500 միլիոն դրամի շրջանակում։
«Այս փոփոխությամբ մենք կատարելու ենք ՀՀ նախագահի հանձնարարականը և մինչև տարվա վերջ բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է լինելու», - նշեց Վիգեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ հաջորդ տարի այս ծրագիրը կուղղվի 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծինծառայողների խնդիրները լուծելու համար։
«Շատ լավ գործ է», - արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը։