23/06/2017 16:29
Քաղաքագետ. Ադրբեջանին չի հաջողվի տեղեկատվությունն անվերջ փակել
«Ադրբեջանը իրավական և քաղաքական մակարդակով առավելագույնս ֆիլտրում է առաջնագծից ու առհասարակ բանակից եկող տեղեկատվությունը: Դա է պատճառը, որ բանակում առկա իրավիճակի մասին նորություն լավագույն դեպքում հնարավոր է լինում գտնել սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում: Այն էլ վերջին շրջանում ճնշումները նաև ֆեյսբուքյան օգտատերերի նկատմամբ է աճել», - անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմի պատժիչ գործողությունները ադրբեջանական մամուլում չեն արտացոլվում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Հովասափյանը:
Քաղաքագետը հետաքրքրական է համարում այն հանգամանքը, որ Ադրբեջանում դասեր չեն քաղում և առաջնագծում նոր սադրանքներ են հրահրում:
«Որքան ժամանակ է ադրբեջանական դիվերսիոն խմբերին չի հաջողվում ճեղքել առաջնագծի հայկական հատվածը: Պատճառների մասին շատ է խոսվել, առաջնագիծը հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով, սակայն Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է իր հատուկ ջոկատայիններին», - նշեց Ա. Հովասափյանը:
Որքան էլ ադրբեջանական հանրությունից փորձեն թաքցնել մեկ է, ըստ քաղաքագետի, այդ դեպքերը տեղի են ունենում ինչ-որ մեկի տանը, թաղամասում, քաղաքում, դրանք անհնար է անվերջ թաքցնել:
«Պատահական չէ, որ երկրի ներսում, տարբեր իրավիճակներով, այդ թվում՝ բանակում արձանագրվող տապալված օպերացիաներով պայմանավորված լարվածությունն անընդհատ աճում է», - նշեց վերջինս և հավելեց, որ ինֆորմացիոն բլոկադան մի օր ճեղքում է տալու: