23/06/2017 17:13
Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի և Սիրիայի իրադրությունը
Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան-Իվ լե Դրիանը և Զիգմար Գաբրիելը Փարիզում այսօր կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի և Սիրիայի իրադրությունը և մյուս ճգնաժամերը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հանդիպումը հնարավորություն է ընձեռել քննարկել աշխարհի կայունության պահպանման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը, հայտնի ճգնաժամերը՝ իրադրությունն Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում: Ինչպես և ավելի վաղ, մեր հայացքները և դիրքորոշումները շատ մոտ են», - լրագրողներին ասել է լե Դրիանը Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո:
«Մենք քննարկել ենք Սիրիայում կրակի դադարեցման անհրաժեշտությունը և դեմոկրատական իշխանափոխության հեռանկարները: Մենք նաև ցանկանում ենք Սիրիան տեսնել միասնական, չենք ցանկանում, որ երկիրը մասնատվի», - իր հերթին ասել է՝ Գաբրիելը:
«Եվս մեկ թեմա էր նորմանդական ձևաչափը և Մինսկի համաձայնագրերը, որոնք նպատակամղված են Ուկրաինայի իրադրության կարգավորմանը: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ», - հայտարարել է նա: