23/06/2017 14:30
ԶԼՄ-ին հայտնի է դարձել, թե արաբական երկրներն ինչ պահանջ ունեն Կատարից
Արաբական չորս երկիր պահանջում է Կատարից խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան և փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթուղթին, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Կատարի իշխանություններին են փոխանցել երկրի նկատմամբ պահանջների ցանկը:
Տասներեք պահանջից բաղկացած ցանկը կազմողները պնդում են նաև, որ Կատարը դադարեցնի իրենց երկրների քաղաքացիներին քաղաքացիության տրամադրումը և արտահանձնի արդեն երկրում գտնվողներին: Դոհայից պահանջում են չորս երկրում ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող բոլոր անձանց արտահանձնում և այդ երկրներում ընդդիմության գործիչների՝ Կատարի կողմից ֆինանսավորման մասին մանրամասն հաշվետվության տրամադրում:
Բացի այդ, Կատարը պետք է փոխհատուցում վճարի, որի չափը չի նշվում: Բոլոր պահանջները կատարելու համար տրվում է 10 օր: