23/06/2017 13:18
Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին արձագանքում է դեռ շատ վատ. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Նախարարի խոսքով՝ լուրջ բարեփոխումների մեջ է միջին մասնագիտական կրթական համակարգը, առկա է եվրապական դրամաշնորհների աջակցություն։
«Բացի այս, համապատասխան օրենքում փոփոխություն կկատարվի սեպտեմբերին, որպեսզի միջին մասնագիտական կրթությունը ավելի մոտեցվի բիզնես միջավայրին», - նշեց նախարարը։
«Իրականում շատ կարևոր որոշման նախագիծ է, մենք այսօր բազմաթիվ ոլորտներում՝ թե գերակա՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն, թե այլ ոլորտներում, ունենք մասնագետների պակաս։ Հանդիպումների ժամանակ բիզնես ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամ են ներդրումներ անել, որպեսզի կարողանան շուկայում հայտ վերցնել։ Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին արձագանքում է դեռ շատ վատ։ Պարոն Մկրտչյան, համապատասխան գերատեսչությունների հետ հստակ ձևակերպեք խնդիրները, այն շահառուները, որոնք պատրաստակամ են մասնակցել այս պրոցեսին, ներգրավեք, կատարեք փոփոխություններ այս ոլորտում», - արձագանքեոց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Հիմա ծրագիր ենք անում բանակում, պայմանավորվել ենք «Թումո» կենտրոնի հետ, աշխատանքներ են տարվում զորամասերում «Թումո» կենտրոններ բացելու, և եթե կլինեն շահագրգիռ ընկերություններ, ասենք, հանքարդյունաբերության ոլորտից, որոնք կարող են փոքր ուսումնական վարժասարք տեղադրել որևէ խոշոր զորամասում, դա կարող է փոխադարձ շահավետ ու հետաքրքիր ձևաչափ լինել։ Մենք շահագրգռված ենք, որ բանակում ծառայելու ընթացքում քաղաքացին լրացուցիչ կրթություն ստանա», - նախագծին արձագանքց նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։