23/06/2017 14:14
ԱՄՆ-ն Սիրիա է ուղարկում մի խումբ պաշտոնյաների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սիրիա է ուղարկում քաղաքացիական խումբ՝ փորձելու վերադարձնել կայունությունն այն շրջաններում, որոնք ԱՄՆ-ի կողմից օժանդակվող ընդդիմության կողմից ազատագրվել են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, փոխանցում է РИА Новости-ն:
Պարբերականի տվյալներով՝ խումբը բաղկացած է յոթ հոգուց: Դրա կազմում են Պետդեպի ներկայացուցիչներ, անվտանգության ծառայությունների աշխատակիցներ, ոմանք արդեն ժամանել են Սիրիա:
Քաղաքացիական խմբի առաքելության նպատակն է կանխել մարդասիրական ճգնաժամը և օգնել սիրիացիներին վերադառնալու տուն: Մասնագետները կկազմակերպեն զինյալների կողմից թողնված ճանապարհամերձ ռումբերից տարածքների մաքրման, էլեկտրականության և խմելու ջրի մատակարարման վերականգնման աշխատանքներ։