24/06/2017 14:25
Հարձակում Վենեսուելայի խորհրդարանի վրա
Ուրբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ աջակիցների խումբը հարձակվել է խորհրդարանի շենքի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, հասցվել է նյութական վնաս: Այդ մասին հայտնել է ընդդիմության կողմից վերահսկվող երկրի Ազգային ժողովը,փոխանցում է РИА Новости-ն:
Խորհրդարանը հանդես է գալիս Մադուրոյի կառավարության գործողությունների դեմ, մասնավորապես՝ Սահմանադրությունում փոփոխությունների մշակման համար հուլիսի 30-ին նախանշված հիմնադիր ժողովի գումարման դեմ:
«Խորհրդարանի բուժօգնության ծառայություն է դիմել չորս վիրավոր աշխատակից», - ասված է հաղորդագրությունում:
Խորհրդարանի աշխատակիցները խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում խորհրդարանի մոտ՝ հիմնադիր ժողովի գումարման դեմ, երբ նրանց վրա հարձակում է իրականացվել, ասված է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունում: Փայտերով և քարերով «զինված» մարդկանց խումբը փորձել է նաև կոտրել շենքի գլխավոր մուտքի դուռը: