24/06/2017 12:02
Վթարի ենթարկված զինծառայողներից 8-ին տեղափոխում են Երևան. երկուսի վիճակը միջինից ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ին տեղափոխում են Երևան, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է», - նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության համարանիշներով ավտոբուսը:
«Ավտոբուսում եղել է 14 զինծառայող, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 12 պայմանագրային զինծառայող», - Aysor.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել էր, որ զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, ում գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են Երևան։
«Մյուս վիրավորների վիճակը բավարար է, բժիշկները ստուգում են», - հավելել էր ՊՆ մամուլի խոսնակը։