24/06/2017 10:44
Պայմանագրային զինծառայողներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. հոսպիտալացված 12 զինծառայողներից մեկի վիճակը ծանր է
Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության համարանիշներով ավտոբուսը:
«Ավտոբուսում եղել է 14 զինծառայող, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 12 պայմանագրային զինծառայող», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, ում գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են Երևան։
«Մյուս վիրավորների վիճակը բավարար է, բժիշկները ստուգում են», - հավելեց ՊՆ մամուլի խոսնակը։