24/06/2017 13:19
Վարդենիսի հոսպիտալում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. միայն մեկի վիճակն է ծանր. մանրամասներ վթարի ենթարկված զինծառայողներից
Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից հինգը գտնվում են Վարդենիսի զինվորական հոսպիտալում։
«Մեզ մոտ այս պահին հինգ հոգի են, չորսի վիճակը բավարար է, մեկն է ծանր վիճակում, բայց կտեղափոխենք Երևան», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդենիսի հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը։
Նա նշեց,որ զինծառայողները ստացել են գանգուղեղային տրավմա, կոտրվածքներ՝ մարմնի տարբեր մասերում, պատռված վերքեր:
«Այս պահին, սակայն, զինծառայողների կյանքի սպառնացող որևէ հանգամանք չկա», - նշեց հոսպիտալի պետը։
Հարցին՝ երկար ժամանակ զինծառայողները կմնան հոսպիտալում, Երվանդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ծանր վիճակում գտնվող զինվորին 1-2 ժամից կտեղափոխեն Երևան, իսկ մյուս զինծառայողները դեռ կմնան Վարդենիսի հոսպիտալում։
Նշենք, որ այսօր՝ ժամը 08:31-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։
14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ին տեղափոխում են Երևան։
«Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է», - Facebook-յան իր էջում հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։