26/06/2017 12:52
Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը. մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից
Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Արիտունցիներին և հյուրերին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Բարով եք եկել տուն, ձեր տուն, ձեր հայրենիք, ձեր Հայաստան: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում, ու այն ամենը, ինչ լսել եք տանը Հայաստանի մասին, տեսնելու եք ու հասկանալու եք, թե ինչ է Հայաստանը, որն է ձեր հայրենիքը, որ պահել, պահպանել են մեր պապերը: Եվ մենք էլ պետք է հզորացնենք, զարգացնենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին: Ձեզնից յուրաքանչյուրը պիտի աշխատի դառնալ լավագույնը իր բնակության երկրում՝ լավ մարդ, լավ մասնագետ, լավ հայ: Դուք հայ եք, հայաստանցի եք, ուղղակի ծնվել եք այլ երկրում: Ձեր տեղը Հայաստանն է, ուր ուշ թե շուտ վերադառնալու եք: Բարով եք եկել»,-նշել է նախարարը։
Արիտունցիները շնորհակալություն են հայտնել Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար:
Ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից 22, Ուկրաինայից 1, Բելառուսից 2, Ուզբեկստանից 2, Վրաստանից 59, ԱՄՆ-ից 3, Ֆրանսիայից 1 և Հունգարիայից 7 մասնակից: