26/06/2017 15:33
Նախանշվում է հայ-չինական համագործակցություն սեյսմիկ-պաշտպանության ոլորտում
Հունիսի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և Չինաստանի սեյսմիկ վարչակազմի փոխտնօրեն Ջաո Հեպինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցլ է հմագործակցությունը երկու պետությունների միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում:
Կողմերը քննարկել են Հայաստանին և Չինաստանին բնորոշ մեկ ընդհանուր աղետի՝ երկրաշարժին բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացման համատեղ հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում կազմել սեյսմիկ ոլորտում համագործակցության ընդհանուր ծրագիր, որը ներառելու է երկրաշարժերի կանխատեսման և սեյսմիկ մոնիթորինգի կազմակերպման ոլորտներում չինական փորձի ուսումնասիրություն, Սեյսմիկ պաշտպանության ծառայության Ազգային դիտացանցի արդիականացում և տեխնիկական օժանդակություն, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում: Ինչպես նաև՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց կիրառել Չինաստանի փորձն արբանյակների օգնությամբ գեոդեզիական ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ՃԿԱԿ-ի և 911 ծառայության գործունեությանն ու տեխնիկական հագեցվածությանը:
Հայաստան այցի շրջանակներում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան՝ վերջինիս տեխնիկական հնարավորություններին և գործունեությանը ծանոթանալու նպատակով: