26/06/2017 18:40
Գերմանաիայի ԱԳՆ. Անկարան խոստացել է G20 գագաթնաժողովին չտանել ԱՄՆ-ում ծեծկռտուքին մասնակից թիկնապահներին
Գերմանիայի ԱԳՆ-ն հույս ունի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Վաշինգտոնում ցուցարարների հետ ծեծկռտուքից հետո, G20 գագաթնաժողովի պատվիրակության կազմում չեն լինի, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, փոխանցում է ТАСС-ը։
«Կարծում ենք, որ Վաշինգտոնի միջադեպին մասնակից անձինք Համբուրգ ուղևորության ժամանակ չեն ուղեկցի Թուրքիայի նախագահին: Նման տեղեկություն է ստացվել նաև Անկարայից», - ասել է նա։
Շեֆերը չի հերքել ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, որ Գերմանիայի իշխանություններն Անկարայից պահանջել են պատվիրակության կազմում չներառել հետախուզվող թիկնապահներին։
«Գերմանիան կհոգա այն մասին, որ գագաթնաժողովի, նաև այլ միջոցառումների ընթացքում հյուրերն ապահովված լինեն թիկնապահներով», - ընդգծել է նա։