26/06/2017 13:07
Ծիրանի բերքն այս տարի շատ լավ է. Գյուղապետեր
Արարատի մարզի մի շարք համայնքներում նախորդ տարվա համեմատ ծիրանի բերքն այս տարի առատ է եղել։ Գյուղացիներն արդեն ավարտին են հասցնում բերքի հանձնման գործընթացը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանն ասաց, որ թեև նախորդ տարվա համեմատ այս տարի ծիրանի գինն ընկել է, բայց բերքն անհամեմատ որակյալ ու առատ է եղել։
«Մթերման գործընթացը նորմալ է, հիմա էլ շարունակվում է։ Շատ որակյալ, ընտիր բերք է եղել այս տարի։ Մթերման սկզբում 1 կգ ծիրանի արժեքը սկսել է 800 դրամից, այսօր արդեն գինը հասել է 300 դրամի», - ասաց Ջրաշենի գյուղապետը։
Արարատի մարզի մեկ այլ՝ Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը ևս նշեց, որ բերքը լավ է եղել։
«Փառք Աստծո, շատ լավ է, Աստված տա, միշտ այսպես լինի։ Սկզբում լավ չէր մթերումը, բայց բոլորն էլ հասցրեցին իրենց բերքը հանձնել», - ասաց Սուրենավանի գյուղապետը՝ նշելով, թե խնդիրը եղել է ցածր գինը։
«Ընդհանուր վատ չի եղել, ուղղակի այս տարի մեզ մոտ ծիրանը մի քիչ ուշ հասավ, գինն ընկավ։ Ժողովրդի հիմնական հույսը ծիրանի բերքն է։ Հիմա արդեն վերջանում է ծիրանը։ 1 կիլոգրամը մթերում են 300 դրամով, սկզբում սկսել ենք 900 դրամից», - ասաց Կարո Կարապետյանը՝ նշելով, որ բերքի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան ու Վրաստան։
Ինչպես Սուրենավանում, այնպես էլ Ջրաշենում, կարկուտը չի վնասել ծիրանի բերքը, հակակարկտային կայաններն են օգնել այս հարցում։