26/06/2017 11:20
Վթարից տուժած զինծառայողների վիճակը բավականաչափ կարգավորվում է. Կամավոր Խաչատրյան
Հունիսի 24-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների վիճակը, որոնք գնտվում են Մուրացանի զինվորական հոսպիտալում, կարգավորվում է։
«Զինծառայողների վիճակն արդեն բավականաչափ կարգավորվում է, մի հոգու կվիրահատենք, սրունքի հետ կապված խնդիր է, վնասվածքաբաները դեռ աշխատում են », - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը։
Նա նշեց՝ հնարավոր է, որ ևս մեկ զինծառայողի վիրահատեն։
«Արդեն մասնագետները կորոշեն, գլխի հետ կապված փոքրիկ խնդիր կա, կամ կվիրահատեն, կամ չէ, ժամանակը ցույց կտա», - նշեց նա։
Կամավոր Խաչատրյանը փոխանցեց, որ այս պահին Մուրացանի հոսպիտալում ութ զինծառայող է բուժում ստանում։
Հարցին՝ նրանք ե՞րբ դուրս կգրվեն, ՊՆ բուժծառայության վարչության պետը նշեց, որ զինծառայողների մոտ կոտրվածքներ կան, որոնց բուժումը այդքան էլ կարճ պրոցեդուրա չէ։
«Մի քիչ երկար պրոցեդուրա է, կարևորն այն չէ, թե երբ դուրս կգրվեն, կարևորն այն է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մանր-մունր կոտրվածքներ են, որոնք երկարատև բուժում են պահանջում», - հավելեց Կ. Խաչատրյանը։
Նշենք, որ ավտովթարից տուժած չորս զինծառայող էլ Վարդենիսի հոսպիտալում էր. նրանք այսօր դուրս են գրվել։
«Մեզ մոտ չորս զինծառայող էր մնացել, չորսն էլ արդեն դուրս են գրվել, որովհետև բոլորի վիճակն արդեն լավ էր», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վարդենիսի հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը։
Հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։
14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ին տեղափոխել էին Երևան։