26/06/2017 13:34
Հայաստանն ակնկալում է Ղազախստանի հավասարակշռված և զուսպ մոտեցումը ԼՂ հարցի շուրջ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին Սեուլում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունների համաչափ զարգացումը տարբեր բնագավառներում և պատրաստակամություն հայտնել աջակցելու նաև Հայաստան-Ղազախստան միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանը՝ ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերն այդ հարցում:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ այցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում:
Այս համատեքստում Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել «Աստանա էքսպո-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որի բացմանը ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ղազախստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ոչ մշտական անդամի կարգավիճակում անդամակցելու առթիվ և հույս հայտնել, որ երկու երկրները կշարունակեն կառուցողական համագործակցությունն ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային տարբեր կառույցներում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ակնկալում է ղազախական կողմի հավասարակշռված և զուսպ մոտեցումն այդ հարցի շուրջ՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը:
ՀՀ ԱԺ նախագահը Նուրլան Նիգմատուլինին հրավիրել է Հայաստան:
Նուրլան Նիգմատուլինը նկատել է, որ անհրաժեշտություն կա առավել ակտիվացնելու նաև համագործակցությունը մշակութային, տնտեսական ու կրթական բնագավառներում. դրա համար առկա են բոլոր նախադրյալները:
Ղազախստանի Մաջիլիսի ղեկավարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ղազախստան: