26/06/2017 18:16
20 տարի առաջ այս օրը առաջին անգամ տպագրվեց «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպը
Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի առաջին տպագրության լույս տեսնելուց անցել է 20 տարի: Այն առաջին անգամ հրատարակվել է 1997 թվականին՝ բրիտանական «Bloomsbury» հրատարակչության կողմից: Իսկ գրքի հայերեն տարբերակը լույս է տեսել 2016 թ.՝ «Զանգակ»-ի կողմից, որը թարգմանել է հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը, ում հետ էլ Aysor.am-ը զրուցել է:
- Թեև Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը պատկանում է ֆենթեզի գրականության ժանրին, արդյոք այնտեղ արտացոլված են այլ ժանրերի տարրեր ևս:
- Չկա որևէ գիրք, որն ամբողջությամբ տեղավորվի մեկ ժանրի մեջ: Ֆենթեզին հարակից է նաև մի շարք այլ ժանրերի: «Հարրի Փոթեր» վիպաշարը կարելի է նաև բնութագրել որպես «մանկական գոթական արձակ», քանի որ առանձնանում է այս ժանրին բնորոշ մի շարք գծերով` խորհրդավորությամբ, գաղտնի մուտքերով, գետնահարկերով, ուրվականներով, դղյակով և «արգելված անտառով»: Մոտ է նաև «դպրոցական վեպ» ժանրին, քանի որ պատմում է դպրոցական կյանքի մասին: Եթե խորանանք, կարող ենք ևս մի քանի ժանր առանձնացնել, սակայն հիմնականում՝ ֆենթեզի: Այսօր եվրոպական, մասնավորապես, բրիտանական մանկապատանեկան գրականության մեջ այս ժանրը շատ տարածված է և կայացած:
- Թարգմանելու ընթացքում քողարկված հաղորդագրություններ հայտնաբերե՞լ եք:
- Անշուշտ, «Հարրի Փոթերը», ինչպես ցանկացած մեծ գիրք, կարելի է կարդալ տարբեր շերտերում: Եթե կողմնակից եք կոդավորումների, իհարկե, տեքստն ընձեռում է բազմաշերտ մեկնությունների հնարավորություն: Սակայն խորհուրդ չէի տա ամենուր գաղտնագրված տեղեկություններ փնտրել: Երբեմն մենք փորձում ենք խոր իմաստներ գտնել, սակայն գրքի ամենահետաքրքիր հաղորդագրությունը ամենամատչելի շերտում է:
- Լեզվական և ոճային առումով հե՞շտ էր թարգմանելը:
- Անգլերենից հայերեն անցման ընթացքում որևէ լուրջ բարդության չեմ հանդիպել: Բարդությունը կապված էր գերբնականի թարգմանության մեջ, քանի որ գերբնական կերպարների անձնանունները, հմայությունների տեքստերը փոքր-ինչ խորթ էին այսօրվա գրական հայերենին: Նոր բառեր չեմ հորինել, ոչ էլ արհեստականորեն հնաոճ բառապաշար եմ ներմուծել, տեղ-տեղ թողել եմ անգլերեն անվանումները` տողատակում տալով համարժեք մեկնաբանություններ: Այսպես տրոլ (troll) բառը թողել եմ նույնը, քանի որ այն ընթերցողների մեծ մասին ծանոթ է: Գուլ/ղուլ բառը, որը մահմեդական դիցաբանության մեջ դիակներով սնվող չար ոգի, սակայն Ռոուլինգ մոտ աղմկարար ու անվնաս մի արարած է, որ բնակվում է Հարրի ընկեր Ռոնի Ուիզլիի տանը, ներկայացել է առանձին գրքույկում տրվող բացատրությամբ, որ հրատարակել է «Զանգակը»:
- Ձեր կարծիքով, ինչո՞ւ են հմայությունները լատիներով:
- Լատիներեն են, քանի որ կա ցանկություն դրանք առանձնացնելու ընդհանուր տեքստից: Այլալեզու մարմնավորումը վաղնջականության շունչ, խորհրդավորություն, անգամ զորավորություն է հաղորդում հմայություններին և տարանջատում այն ընդհանուր տեքստային հոսքից:
- Ամենատպավորված հմայությունը...
- Obliviate, այս հմայությունը առաջացնում է հիշողության կորուստ` հիշողության կապ է: Իսկապես տպավորիչ է և տագնապահարույց: Մի պահ ինձ նույնիսկ թվաց, որ իրական կյանքում այն միանգամայն իրականանալի է:
- Իսկ ո՞ր հերոսն է Ձեզ ավելի մոտ:
- Հոգվորթսի դպրոցի տնօրեն պրոֆեսոր Ալբուս Դամբլդորն իր իմաստությամբ: Գուցե տարիքի բերումով ինձ ավելի հասկանալի կերպար է, նաև՝ Հոգվորթսի անտառապահը` Ռուբեուս Հագրիդը:
- Հայերենով կարդու՞մ են:
- Ես աշխատում եմ արդեն երրորդ մասի վրա՝ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»: Կարծում եմ՝ աշնանը այն պատրաստ կլինի: Իսկ ինչ վերաբերում է մյուս երկու մասերին, որոնք արդեն թարգամանված են, կարծեմ տպաքանակներն արագ սպառվում են: Ընթերցողները թե՛ «Զանգակին», թե՛ ինձ բազմաթիվ նամակներ են ուղարկում` հարցնելով երրորդ մասի վերաբերյալ: Գիտեք՝ կա ընթերցողների մի բանակ, որը կարդացել է գիրքը և՛ ռուսերենով, և՛ անգլերենով, սակայն անհամբեր սպասում է հայերեն տարբերակին: