26/06/2017 18:00
Ապրիլյան պատերազմում քաջ հայորդիները 21-րդ դարի Վարդան Մամիկոնյաններն են. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ներկա է գտնվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների ծնողներ, բժիշկներ:
Նշենք, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն անվճար հետազոտության սերտիֆիկատներ է տրամադրել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին՝ անժամկետ օգտագործման համար: Ծրագրում առայժմ ընդգրկված են 25 ընտանիքներ՝ Երևանից և Գյումրիից, սակայն, ինչպես նշել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, ծրագիրը շարունակական դարձնելու նպատակ կա:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է նման ծրագրերի իրականացումը Ազգ-բանակ գաղափարի համատեքստում: Նրա խոսքով՝ ազգասիրությունը, մարդասիրությունը և միասնությունը հայ ժողովրդին բնորոշող հատկանիշներ են և պատահական չէ, որ ապրիլյան պատերազմում քաջ հայորդիներն իրենց հերոսաբար դրսևորեցին:
«Սա հայ գենի մեջ է: Մենք հայ քրիստոնյա ենք և հարյուրամյակներ շարունակ պայքարել ու պայքարելու ենք մեր ազատ ու անկախ հայրենիքը շենացնելու համար: Նրանք 21-րդ դարի Վարդան Մամիկոնյաններն են. նրանք հաղթեցին մարտում: Ձեր զավակները հաղթել են մահին ու գնացել դեպի հավերժություն», - ընդգծել է պարոն Շարմազանովը:
Խոնարհումի և երախտիքի խոսքեր են հնչեցրել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը և Աղվան Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: