26/06/2017 11:34
Շարունակելու ենք պարտք վերցնել. Վարդան Արամյան
ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մտահոգված է պետական պարտքի աճով:
«Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել», - խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարին հարց ուղղեց պատգամավորը:
Նախարարն էլ պարզաբանեց, որ իր զեկույցում ներկայացված ցուցանիշները հարաբերական են, հետևաբար, երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի այն համեմատել ՀՆԱ-ի հետ:
«Անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ: Եթե եկամուտներդ չի հերիքում, որ ծախսերդ կատարես, պիտի պարտք վերցնես: Մենք շարունակելու ենք պարտք վերցնել», - ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ պարտքը պետք է տնտեսական աճ գրանցելու համար:
«Եթե ես կարողանում եմ այնպես աշխատել, որ ինձ մոտ տնտեսական աճն ավելի լինի, քան՝ պարտքը, պիտի պարտք վերցնեմ: Պարտք ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողումը չպիտի կրկնենք: Հունաստանը առանց ռեֆորմ անելու գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ընթացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել», - հավելեց նա: