27/06/2017 11:23
2016 թվականին, 2015-ի համեմատ, ԵՏՄ-ից շուրջ 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե. Վարդան Հարությունյան
2016-ին մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունը հարկային եկամուտների ծրագրավորման աճի առումով բարենպաստ չի եղել, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Այնուամենայնիվ, վարչարարական ջանքերի արդյունքում մեզ հաջողվել է, նախորդ տարվա համեմատ, 1.1 տոկոս հարկային եկամուտների աճ գրանցել, որը կազմել է 11.8 մլրդ դրամ», - ասաց Վ. Հարությունյանը:
Նրա խոսքով` 2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների ցուցանիշը կազմել է 1.3 տոկոս, որը 0.1 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները:
«2016-ին պետբյուջեի հարկային եկամուտների սահմանման նպատակով անվանական ՀՆԱ-ն կանխատեսվել է 5 տրիլիոն 472.8 մլրդ դրամ, մինչդեռ փաստացի արձանագրվել է ՀՆԱ-ի 5 տրիլիոն 67.9 մլդ դրամ մակարդակ, ՀՆԱ-ի կանխատեսված և փաստացի ցուցանիշները կազմել են 374.9 մլրդ դրամ», - նշեց ՊԵԿ նախագահը:
Նա հավելեց, որ 2016 թվականին 2015-ի համեմատ տեղի է ունեցել երրորդ երկրներից ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալի շուրջ 1.2 տոկոսի աճ, միևնույն ժամանակ արձանագրվել է 3-րդ երկրներից հարկով ներմուծման անկում` 6.8 տոկոսով կամ 64.3 մլրդ դրամ մաքսային արժեքով:
«Ներմուծման կրճատումը 3-րդ երկրներից փոխարինվել է ԵՏՄ-ից ներմուծման աճով, բայց տարեկան կտրվածքով հարկային բազաների տարբերությամբ՝ պայմանավորված պետական բյուջեն պակաս է ստացել շուրջ 4.2 մլրդ դրամ եկամուտ», - ասաց նա և հավելեց, որ 2016 թվականին 2015-ի համեմատ ԵՏՄ-ից շուրջ 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե:
Նրա խոսքով` ԵՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, բայց այդ փոփոխությունները պետբյուջետային եկամուտների վրա նվազող ազդեցություն են ունեցել:
ՊԵԿ նախագահը ընդգծեց, որ ընդհանուր առմամբ օրենսդրական փոփոխությունների եկամտային բացասական ազդեցությունը 22.5 մլրդ դրամ է գնահատվել, դրականը` 10.7 մլրդ դրամ: