27/06/2017 13:56
«Պապիկյա՜ն, Պապիկյա՜ն». փաստաբանը լքեց դատական նիստերի դահլիճը. դատարանը կքննարկի նրա վարքագիծը
Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով, ի վերջո, կարողացավ մուտք գործել դատարան, լքեց դատական նիստերի դահլիճը։
Արայիկ Պապիկյանը ցանկացավ դատական նիստը նախագահող Տաթևիկ Գրիգորյանից տեղեկանալ, թե ինչու է իր պաշտպանյալը հեռացել դատական նիստիերի դահլիճից։
«Եթե նա դահլիճում չի լինելու, նա մեզ չի լիազորել, ավելին, ինքը հանձնարարել է իր բացակայության պայմաններում իր պաշտպանության հարցով դատական նիստին չմասնակցել», - ասաց Ա. Պապիկյանը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ Ներսես Պողոսյանը դահլիճից հեռացվել է 6 ժամ ժամանակով՝ դատական նիստի կարգը խախտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։
Արայիկ Պապիկյանը, սակայն, նշեց՝ ենթադրում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ սանկցիա է կիրառվել այն պատճառով, որ նա ցանկացել է տեղեկանալ, թե ինչու իր պաշտպանյալը ներկա չէ դատարանում։
«Կարող եք ճշտել իրական փաստերը, որից հետո առավել ողջամիտ հայտարարությամբ կարող եք հանդես գալ», - արձագանքեց դատավոր Գրիգորյանը։
Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ քանի որ իր պաշտպանյալը չկա դատական նիստերի դահլիճում, ինքը ստիպված է լքել դահլիճը։
«Պապիկյա՜ն, Պապիկյա՜ն», - դահլիճում ծափողջյուններով արձագանքեցին Արայիկ Պապիկյանի քայլին։
Վերջինիս հետ միասին դատական նիստերի դահլիճը լքեց նաև Ներսես Պողոսյանի 2-րդ փաստաբանը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ պաշտպանի վարքագծի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու։
«Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։00-ին», - ասաց նա։
Նշենք, որ այսօր դեռ չսկսված ընդմիջվեց Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դահլիճից հեռացրեց ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին` ոտքի չկանգնելու պատճառով:
Բացի այդ, փաստաբաններ Տիգրան Եգորյանին, Արայիկ Պապիկյանին ու Տիգրան Հայրապետյանին ևս թույլ չտվեցին մուտք գործել դահլիճ, քանի որ վերջիններս հրաժարվեցին, որ իրենց պայուսակների պարունակությունը ստուգվի:
Ընդ որում, Տիգրան Եգորյանը բացեց պայուսակը, սակայն իրավապահները պնդում էին, որ բացվածքը փոքր է և դա բավարար չէ ստուգման համար: