27/06/2017 14:16
Մեղադրանքը «ստոր սուտ է». Արարատ Խանդոյանը հանդես եկավ պաշտպանական ճառով
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախորդ տարի ամռանը Խորենացի փողոցում անկարգությունների գործով մեղադրվող Արարատ Խանդոյանը հանդես եկավ պաշտպանաան ճառով։ Այսօրվա դատական նիստին նա իր հետ բերել էր «Արարատ Խանդոյան. ես քաղբանտարկյալ եմ» գրությամբ թուղթը ու դրել սեղանին։
Նա իր պաշտպանական ճառում հայտարարեց, որ իշխանություններն անազատության մեջ են պահում «նվիրյալ հայորդիների», որոնցից ժամանակին վախեցել են «ազերիները»։
Մեղադրանքը նա «ստոր սուտ» համարեց և հայտարարեց, որ ակցիան խաղաղ նպատակներ էր հետապնդում և միայն քաղաքացիների վրա ոստիկանության հարձակումից հետո սկսվեց անկարգություն։
Պաշտպանական ճառից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը անցել է խորհրդակցական սենյակ և սպասվում է, որ այսօր կհրապարակի վճիռը։
Հիշեցնենք՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գնդից դուրս՝ Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններից հետո կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանը մեղադրվում է մասսայական անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Այս գործով տուժող էին 46 ոստիկան, որոնց, ինչպես Խանդոյանն էր դատարանում հայտարարել, չի ճանաչում: Նա դատարանում հայտարարել էր, որ այդ օրերին հենց ոստիկաններն են իր ու այլ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրել՝ բռնի ուժով նրանց տեղափոխելով ոստիկանության բաժիններ:
Նախորդ դատական նիստին Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին, իսկ դատախազը պահանջել էր դատապարտել 4 տարվա ազատազրկման։