27/06/2017 14:48
Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ. Արմեն Մարտիրոսյան
2018 թվականին Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, ինչպես ներկա Սահմանադրությունն է նման հնարավորություն տալիս, և կունենա վերահսկողություն՝ ուժային կառույցների նկատմամբ, «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ Ազգային ժողովի 2/3-րդը նոր Սահմանադրությամբ կարող է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, հետևաբար եթե իշխանությունը ցանկանա, կարող է կատարել այդ փոփոխությունը և ուժային կառույցի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել կամ նախագահին, կամ ԱԱԽ քարտուղարին։
«Սերժ Սարգսյանը թե՛ կլինի նախագահ ու կունենա վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ, թե՛ կլինի ԱԱԽ քարտուղար ու էլի կունենա վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ, դա ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ ինքն է լինելու, դա ակնհայտ է։ 2018-ին շատ վճռորոշ է լինելու. կամ մենք իսկապես ամբողջապես կդառնանք խանական համակարգ՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, կամ մենք իսկապես գոնե թվացյալ ժողովրդավարական պահը կպահպանենք», - հայտարարել է Մարտիրոսյանը։
Այս պարագայում, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, անհարժեշտ է, որ ընդդիմությունը միավորվի՝ «Հայաստանի ինքնիշխանությունը վերադարձնելու համար»։