27/06/2017 19:20
Արցախի ԱԺ-ն վերջին լիագումար նիստը կանցկացնի
Հունիսի 27-ին Արցախի Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները, տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից։
Շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի պատրաստվածության մասին տեղեկություններ են հաղորդել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները, ովքեր հաղորդումներ են ներկայացրել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովներում այսօր տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին:
Ներկայացված հաղորդումների համաձայն` մշտական հանձնաժողովները դրական եզրակացություններ են տվել քննարկման ենթակա օրինագծերին:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 28-ին ժամը 11:00-ին:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ժամը 13:00-ին կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: