27/06/2017 15:22
Facebook-ում ԼԳԲՏ քարոզչություն իրականացնողների և խրախուսողների էջերը կեղծ են
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը այս մեկ ամսվա ընթացքում իրականացրել են սեռական փոքրամասնություններին աջակցող ՀԿ-ների և Facebook-յան օգտատերերի էջերի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է՝ այդ օգտատերերի մեծ մասը՝ գրեթե 200 հոգի, կեղծ էջերով են հանդես գալիս:
«Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից ԼԳԲՏ դրոշի ծածանումը Facebook-ում խրախուսող օգտատերերի էջերը եղել են կեղծ, իսկ «PinkArmenia»-ի կողմից Երևանի կենտրոնում միասեռականությունը գովազդող պաստառները փակցված են եղել առանց քաղաքապետարանի թույլտվության, անօրինական», - ասաց «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամ, փորձագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ այս ամենը միտված է ակտիվացնելու Հայասատանում ԼԳԲՏ շահերը պաշտպանող արտաքին ֆինանսավորում ստացող կազմակերպությունների գործունությունը, և դրսից փորձ է արվում հանդես գալ սեռական փոքրամասնությունների պաշտպանների դերում:
«Հայաստանում մի նոր այլասերվածության քարոզչության փուլ է սկսվում, որը «Օվերտոնի պատուհանի» մի մասն է կազմում, այսինքն՝ արդիականացնել այն, ինչը հասարակությունը չի ընդունում (Ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոն անվամբ, ով ներկայացրել է այն միջոցը, որը գործի դնելով, հնարավոր է փոխել, եթե ոչ ամբողջ հասարակության, ապա հասարակության լայն շերտերի գիտակցությունը, ընդունելի դարձնել այնպիսի գաղափարներ, որոնք նախկինում բացարձակ անընդունելի են եղել – հեղ.) », - ասաց նա:
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մեկ այլ անդամ Ծովինար Կոստանյանն իր հերթին ասաց, որ երբ ԶԼՄ-ներում լուսաբանել են իրենց կազմակերպության կողմից իրականացված ակցիան ընդդեմ ԼԳԲՏ դրոշի, Facebook-յան տիրույթում արժանացել են հավանության:
Բանախոսները նշեցին, որ պետք է նման քարոզչությունը անչափահաս երեխաների համար արգելող օրինագիծ մշակել, մասնավորապես, համացանցում քարոզչություն իրականացնողներին պատասխանատվության ենթարկվեն:
«Օրինագծում պետք է հստակ տարանջատել երկու հասկացություն՝ մարդու իրավունքներ և այլասերվածության քարոզչություն», - նշեցին նրանք: