27/06/2017 15:31
Կարեն Բոթոյանը կաջակցի ճամբարակցի արտադրողներին
Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով Ճամբարակի տարածաշրջանում էր: Մարզպետը նախ եղել է Ճամբարակի պանրի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրամասերից մեկում:
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ այստեղ իրականացվում են կաթի ամենօրյա մթերումներ տարածաշրջանի գյուղական համայնքներից:
Արտադրության տնօրեն Արթուր Լազարյանը մարզպետին ներկայացրել է արտադրվող պանրի տեսակների, արտադրական ծավալների, իրացման շուկաների մասին տեղեկություններ: Լազարյանը հավելել է, որ պլանավորում են ընդլայնել արտադրանքի տեսականին` սկսելով արտադրել նաև ապխտած պանիր:
Կարեն Բոթոյանը ծանոթացել է արտադրությանը, հետաքրքրվել դրա ընդլայնման ժամկետներով և առկա խնդիրներով: Մարզպետը նշել է, որ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս տեսակետից շատ կարևոր է Ճամբարակում նման արտադրամաս ունենալը:
Մարզպետը նշել է նաև, որ պատրաստ է իր լիազորություների շրջանակներում աջակցել արտադրողներին և նպաստել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը:
Այնուհետև մարզի ղեկավարն այցելել է Ճամբարակում գործող «Արեգունի» ՀԿ, որտեղ մասնակցել է «Արեգ» մյուզիքլային տիկնիկային թատրոնի ներկայացմանը: Աշխատանքային շրջայցի ավարտին Ճամբարակի քաղաքապետարանում Կարեն Բոթոյանն անցկացրել է խորհրդակցություն տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նրանք մարզպետին ներկայացրել են իրենց համայնքներին վերաբերող ընթացիկ հարցեր, կատարված և նախանշված գործողություների մասին հաշվետվություններ:
Մարզպետը հավաստիացրել է, որ իր գործունեության ընթացքում հաճախ է այցելելու համայնքներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց լուծման տարբերակները քննարկելու նպատակով: