27/06/2017 14:45
Կենտրոնը բեռնաթափելու նպատակով երեք տրանսպորտային հանգույց կկառուցվի. Կամո Արեյան
Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով նախատեսվում է Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորում, «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Նրա խոսքով` երեք խոշոր հանգույցների կառուցման նախագծային փաթեթներ են ստեղծվում. «Առաջինը Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորումն է: Այստեղ առաջարկվում էր վերգետնյա ճանապարհի տարբերակ, մինդչեռ այն չի ընդունվել, քանի որ կխաթարեր քաղաքաշինական միջավայրը: Հիմա նոր տարբերակն է քննարկվում»,- նշեց Արեյանը:
Փոխքաղաքապետն ընդգծեց, որ երկրորդը Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցներին հարող ստորգետնյա տրանսպորտային հանգույցի ստեղծման ծրագիրն է, ինչը նպատակ ունի բեռնաթափել վերը նշված փողոցների ծանրաբեռնվածությունը:
Երրորդ ծրագիրը` Իսակով-Լենինգրադյան նոր ճանապարհի կառուցման շարունակականությունն է. «Իսակով պողոտայի վրա՝ Երևանյան լճից վերև կա նոր կառուցված կամուրջ: Ուղիղ հատելով Հրազդանի կիրճը` այն ներքևի հատվածով դուրս է գալիս Կոմիտասի անվան զբոսայգի և հատվում Արշակունյաց պողոտայի հետ», - հավելեց նա:
Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ մինչև 2022 թվականը: