27/06/2017 19:34
Հրանուշ Հակոբյանը խնդրել է կազմակերպություններին իրենց ծրագրերում որոշակի բաղադրիչ հատկացնել սիրիահայերի բիզնեսի աջակցությանը
Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին գերատեսչությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սփյուռքի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Ներկայացնելով 2012-2017թթ. կատարած աշխատանքները, զեկուցողը մասնավորապես նշել է, որ ավելացել է սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների թիվը և 2017թ. արդեն 229 սիրիահայ ընտանիք է ընդգրկվել այդ ծրագրերում: Միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներ է դիմել 3400 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն:
Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի մասին է զեկուցել Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Սփյուռքի նախարարը կազմակերպության աշխատանքը օրինակելի է համարել և նշել, որ փորձը պետք է վարակիչ լինի մյուս հասարակական կազմակերպությունների համար:
«Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Ներսես Քիվոն զեկուցել է գործարար սիրիահայ գործունեության մասին և ներկայացրել միության առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել սիրիահայ գործարարների հետ տարվող աշխատանքներին, առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:
Ըստ աղբյուրի՝ սփյուռքի նախարարը կարևորել է սիրահայերի տնտեսական ինտեգրումը, խնդրել բոլոր կազմակերպություններին իրենց ծրագրերում որոշակի բաղադրիչ հատկացնել սիրիահայերի բիզնեսի աջակցությանը:
«Պետք է անենք հնարավոր ամեն ինչ սիրիահայերի խնդիրները տեղում կարգավորելու և նրանց Սիրիայում աջակցելու գործում, օգնել հոգալու նրանց կարիքները», -ասել է նախարարը: