27/06/2017 14:57
ՄԱԿ. ԿՀԶՈՒ-ի կոլումբիացի ապստամբները հանձնել են ամբողջ զենքը
«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (ԿՀԶՈՒ) ապստամբական խմբավորումը կատարել է զինաթափման իր բոլոր պարտավորությունները կառավարության հետ հաշտության համաձայնագրի շրջանակներում, հայտնել է Կոլումբիայում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, փոխանցում է ТАСС-ը:
«Այսօրվա դրությամբ ներկայացուցչությունում է պահվում ԿՀԶՈՒ-ի ամբողջ գրանցված անհատական զենքը. 7132 միավոր, բացառությամբ այն զենքի, որը, «ճանապարհային քարտեզին» համապատասխան, ԿՀԶՈՒ-ի 26 ճամբարների անվտանգության ապահովման համար կօգտագործվի մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը», - ասված է հայտարարության մեջ:
Այդ ժամկետում ներկայացուցչությունը պլանավորում է հավաքել ամբողջ մնացած զինանոցը և զենքով կոնտեյներները հեռացնել «նորմալացման անցումային գոտիներից», որոնք կվերածվեն ապստամբների «ուսուցման և խաղաղ կյանքի վերադառնալու տարածքների»:
«Զենքից հրաժարումը նշանավորում է նոր Կոլումբիայի սկիզբը, որը շարժվում է խաղաղության հաստատման ուղղությամբ: Շնորհակալ եմ Կոլումբիայում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը նրա աշխատանքի և օգնության համար», - Twitter-ում գրել է հանրապետության նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
Կոլումբիայի կառավարությունը և ԿՀԶՈՒ-ն անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրել են հաշտության համաձայնագիր, որը վերջ է դրել կեսդարյա զինված դիմակայությանը: