27/06/2017 11:49
Մենք ձգտում ենք կատարելության. Ատոմ Ջանջուղազյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ հետաքրքրվեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից, թե արդյոք հնարավոր չէ ֆինանսական միջոցներ ուղղել ջրամբարների կառուցման համար, որպեսզի տնտեսական անհրաժեշտություն չառաջանա այսօր Սևանից 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու:
«Հարց է առաջանում, թե արդյոք ֆինանսական ռեսուրսները արդյունավետ են հատկացվում», - հետաքրքրվեց պատգամավորը:
Փոխնախարարն ընդգծեց, որ պատգամավորի հարցի ենթատեքստը հասկանալի է` փորձ է արվում պարզել, թե արդյոք կառավարությունը ճիշտ է ընտրում առաջնահերթությունները ծրագրերը իրականացնելիս: Միևնույն ժամանակ, Ա. Ջանջուղազյանն ընդգծեց, որ ինքը ներկայացում է նախորդ տարվա առաջնահերթությունները, որոնք սահմանված են եղել ու այլևս փոփոխման ենթակա չեն:
«Չկա ֆինանսական հաշվետվություն, որպեսզի ստուգենք՝ նպատակային են ծախսերը, արդյունավետ են, թե ոչ: Կատարվե՞լ է նման ուսումնասիրություն ձեր կողմից», - շարունակեց պատգամավորը:
«Ստուգվում է այն տրամաբանությամբ, ինչով, որ ստուգվում են մնացածը: Այստեղ ներկայացված չեն ստուգման արդյունքները, ներկայացված է, թե այդ միջոցների օգտագործմամբ ինչ արդյունքներ են գրանցվել: Կարո՞ղ են լինել թերություններ, թե՞ ոչ, իհարկե կարող են: Սա անընդհատ պրոցես է, մենք չենք կարող համարել, որ երբևէ դա ավարտված կլինի: Արդյունավետությունը կարևոր հարց է, բայց դրա լուծումներից մեկը այս ձևաչափով ներկայացման, թափանցիկ լինելու, հրապարակային լինելու մոտեցումն է, որովհետև հնարավորություն ենք ունենում նաև հանրային հսկողության ենթարկվել: Մենք ձգտում ենք կատարելության», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը: