27/06/2017 12:23
Նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլնի, որից 1.5 մլն կլինեն սփյուռքահայեր. Էմիլ Տարասյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նշաձող է սահմանել` ներգնա տուրիզմի մասով զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլնի, որից 1.5 մլն-ը սփյուռքահայեր կլինեն, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմներով է նախարարությունը պատրաստվում արդարացնել այդքան մարդու հոսքը ՀՀ:
«Այս պահին կա 1.2 մլնի հոսք: Ձեր ասած 3 մլն անիրատեսական չէ՞ և ի՞նչ միջոցառումներ են արվում այս ուղղությամբ: Հատկապես շեշտում եք, որ նախատեսում եք՝ 1.5 մլն պիտի լինեն սփյուռքահայեր, այդ ի՞նչ հատուկ միջոցառում պետք է անեք, որ նամանավանդ սփյուռքահայեր գան», - հետաքրքվեց պատգամավորը:
Փոխնախարարն ընդգծեց, որ զբոսաշրջիկներին ներգրավելու համար նախատեսվում է տարեկան 20 ծրագիր անցկացնել:
«Տարեկան ծրագրերի քննարկան ժամանակ վերջնական արդյունքները կերևան, բայց արդեն իսկ կան 20-ից ավելի տարատեսակ միջոցառումններ, որոնք միտված են ներգնա տուրիզմի աճին», - հավելեց փոխնախարարը: