27/06/2017 13:12
Շատ ծանր ժառանգություն էր. Նարեկ Սարգսյանը` Կոնդի քաղաքաշինական խնդիրների մասին
2016 թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը անդրադարձավ Ֆիրդուս, Կոնդ, Եկմալյան, Արամի փողոցներին` նշելով, որ բնակիչների մի մասն իր սեփականության իրավունքը զիջել է շինարարություն իրականացնող ընկերությանը, իսկ մյուս մասն էլ մնացել է այդ տարածքում ու բնակվում է անմարդկային պայմաններում:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ իրենք վերը նշված հատվածների կառուցապատկան նախագծերը հաստատելու մասով պատասխանատվություն չեն կրում:
«Իրացման խնդիրները մեր կոմիտեի լիազորություններից դուրս են: Կարող եմ ասել, որ դա շատ ծանր ժառանգություն էր, բոլորը գիտեն, որ այս վերջին տարիներին հսկայական քայլեր ձեռնարկվեցին, որ այդ խնդիրները լուծվեն: 2 տասնյակ ընտանիք մնացել է Ֆիրդուսում: Այս հարցով հիմա զբաղվում են: Կոնդում ևս այս շենքերի շինարարությունը ընթացքի մեջ է: Այն չի արվում այն տեմպերով, որը կարող է մեզ գոհացնել, բայց շինարարությունն ընթանում է», - նշեց Նարեկ Սարգսյանը:
Վերջինս նաև ընդգծեց, որ Կոնդը մեծ տարածք է՝ շուրջ 16 հեկտար, ունի բարդ քաղաքաշինական խնդիրներ ու առ այսօր դրա վերջնական քաղաքաշինական լուծման բանալին չկա: