27/06/2017 10:14
Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ. ՀԺ
Ռուսաց լեզվի միասնական քննություններից գրանցվել են շատ ցածր արդյունքներ։ «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ գնահատում և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի տեղեկացմամբ, այս առարկայից միջին միավորը՝ կազմել է 10.29, անբավարար գնահատական է ստացել քննություն հանձնածների 27 տոկոսը, 20 միավոր վաստակել է ընդամենը 4 դիմորդ կամ միասնական քննության մասնակիցների 0.8 տոկոսը։
ԳԹԿ տնօրենը, անդրադառնալով այս պատկերին, նկատել է, որ նախորդ տարի, օրինակ, անբավարար գնահատականները շատ ավելի մեծ թիվ են կազմում՝ 30 տոկոս։ Առկա իրավիճակը նա երկու հանգամանքով է պատճառաբանում։ Նախ, ինչպես ֆիզիկայի, այնպես էլ ռուսաց լեզվի միասնական քննություն հանձնողների մեջ մեծ թիվ են կազմում ռազմական ուսումնական հաստատությունների դիմորդները, որոնց այդ հաստատություններ ընդունելու համար անհրաժեշտ չէ անցողիկ միավոր ստանալ, և կարող են բավարար լինել շատ ավելի ցածր գնահատականները։ Երկրորդ պատճառն, ըստ Իսպիրյանի, այն է, որ ռուսաց լեզուն, ի տարբերություն մյուս օտար լեզուների, ավելի բարդ է, և քննության ժամանակ երեխաներին ծրագրային առումով ներկայացվող պահանջներն ավելի են, քան այլ լեզուների դեպքում։