27/06/2017 19:45
«9 տարի սպասել եմ, որ գամ արդարացվեմ». Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվողը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման
Երևանի Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի արդեն երկրորդ գործով այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատարանը ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանին մեղավոր ճանաչեց մեղադրանքում ու դատապարտեց 15 տարվա ազատազրկման, գրում է «Փաստինֆո»-ն:
Ճիշտ այդքան տարվա ազատազրկում էր միջնորդել մեղադրողն իր մեղադրական ճառում:
Ըստ մեղադրողի, ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ պատվերով սպանությանը դրդելը, մեղադրանքն ամբողջ ծավալով ապացուցված է ու հիմնավորված:
Իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վաղարշակ Գևորգյանը՝ կատարելով տուժողի իրավահաջորդի հանձնարարությունը, միջնորդել էր ամբաստանյալի նկատմամբ նշանակել հոդվածով նախատեսված առավել խիստ պատիժ, այսինքն՝ ցմահ ազատազրկում: Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանն իր պաշտպանական ճառում միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին:
Ըստ պաշտպանի, գործում չկան մեղադրանքը հիմնավորող վերաբերելի ու թույլատրելի ապացույցներ: Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և այդ մասին նա այսօր հայտարարել է նաև իր վերջին խոսքում:
Ն.Խաչատրյանն դատարանում ավելի վաղ հայտարարել էր. «9 տարի սպասել եմ, որ գամ արդարացվեմ: Իմ մասին որևէ մեկը ցուցմունք տվե՞լ է»:
Լրատվամիջոցը նշում է, որ Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ գործը Սեդրակ Զատիկյանի սպանության վերաբերյալ արդեն երրորդ գործն է՝ սպանության պատվերի մեկ այլ գործով արդեն կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով Ստեփան Հակոբյանը մեղավոր է ճանաչվել նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 15 տարի ժամկետով: Ավելի վաղ՝ բուն սպանության գործով 2007թ. կայացված դատավճռով սպանության մեջ մեղադրվող Արսեն Առուշանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Արթուր Հովհաննիսյանն ու Լուսինե Ղևոնդյանը՝ տևական ազատազրկման՝ սպանությանը օժանդակելու համար:
Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը: