27/06/2017 13:49
Հայաստանը շահագրգռված է Եվրասիայում ինտեգրացիոն ծրագրերի հաջող առաջխաղացման հարցում. Բաբլոյան
Երբ աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, երկխոսությունն ու համագործակցությունն ավելի կարևոր են, քան երբևէ, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանների ղեկավարների Եվրասիական երկրորդ հանդիպմանը Սեուլում:
«Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի ու սպառնալիքների պայմաններում, ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալացման պայմաններում անկայունությունը մի տարածաշրջանում կարող է համաշխարհային մասշտաբի հետևանքներ ունենալ: Հետևաբար, պետք է միավորենք մեր ջանքերը ` ապահովելու կայունությունն ու խաղաղությունը», - ասել է նա:
Ա.Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրասիայում ակտիվորեն զարգացող բազմազան ինտեգրացիոն ծրագրերի հաջող առաջխաղացման հարցում:
Երկխոսությունը և տարբեր ինտեգրացիոն միավորումների միջև փոխգործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ միասնական, առանց բաժանարար գծերի տարածքի ստեղծման գործում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը էականորեն բարձրացրել է մեր տնտեսական և առեւտրային հնարավորությունները: Մենք մեծապես կարևորում է Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը շահագրգիռ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք պատրաստ են իրական համագործակցության», - նշել է նա:
ԱԺ նախագահի խոսքով, անդամակցությունը մեկ ինտեգրացիոն միավորմանը չի սահմանափակում երկրների համագործակցության հնարավորություններն այլ ինտեգրացիոն կառույցների հետ, եթե այդպիսի փոխգործակցությունը չի հակասում ավելի վաղ ստանձնած պարտավորություններին:
Ա.Բաբլոյանն ասել է, որ Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը: