27/06/2017 16:00
«Սյունյաց ավանդույթներ. թութ» խորագրով փառատոնը Գորիսում հավակնում է ընդգրկվել Մետաքսե ճանապարհ զբոսաշրջային երթուղում
Հուլիսի 1-ին «Արենի փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ Քարահունջ գյուղում կազմակերպում է «Սյունյաց ավանդույթներ. թութ» խորագրով 4-րդ փառատոնը:
«Մեր հիմնադրամի կողմից կազմակերպված բոլոր փառատոնների նպատակն է դարձնել համայնքը ճանաչելի: Փառատոնի շրջանակում այցելուները կկարողանան տեսնել, թե ինչպես է պատրաստվում դոշաբը, թթի տնական օղին, մասնակցել թութ թափելու մրցույթին, համտեսել Սյունիքին բնորոշ ուտեստները և այլն», - ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
Նրա խոսքով՝ որպես խորագիր ընտրվել է հենց թութը, քանի որ այս փառատոնը նպատակ ունի ընդգրկվել զբոսաշրջային երթուղի հանդիսացող «Մետաքսե ճանապարհ» ծրագրին (ռուս.՝ шелковица - от шелковый путь - հեղ.):
Ասուլիսին ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն իր հերթին ասաց, որ այս փառատոնը լինելու է ամենամյա, ճանաչելի և շարունակական, ուստի կոմիտեն ողջունում է մասնավորի կողմից նման նախաձեռնությունները:
«Կարող է թվալ, որ փառատոնների թիվը Հայաստանում չափից շատ է, բայց դրանք անհրաժեշտ են, ուղղակի պետք է լինեն համակարգված, ինչի ուղղությամբ էլ կոմիտեն աշխատանքներ է տանում», - ասաց նա:
Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոնների մասին տեղեկատվությունը տուր-օպերատորներին դեռևս ներկայացվել է հոկտեմբերին, որպեսզի նրանք կազմակերպեն իրենց փաթեթները, ուստի սպասվում են խմբեր Ռուսաստանից և Ֆրանսիայից: