28/06/2017 13:53
«Սասնա ծռերի» գործով նիստում ոստիկանների հետ քաքշուկն առաջացել է, երբ Արեգ Կյուրեղյանը գրություն է փորձել փոխանցել փաստաբանին
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ առաջացավ ամբաստանյալների և ոստիկանության ծառայողների միջև։ Դատարանը երկու մասի բաժանող ապակյա պատնեշը, սակայն, թույլ չէր տալիս հասկանալ, թե ինչն է քաշքշուկի պատճառը։ Նիստը հետաձգվելուց հետո փաստաբան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել իրեն, ինչն էլ առաջացրել է ոստիկանների զայրույթը։
«Ոստիկանը խլեց, հետո առաջացավ քաշքշուկ ու Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին, Մխիթար Ավետիսյանին ոստիկանները բռնի ու գործադրելով տարան։ Արեգ Կյուրեղյանին գցեցին գետնին, այնտեղից ձայներ էին գալիս», - ասաց փաստաբանը՝ կասկած հայտնելով, որ նրանց ներսում ծեծում էին։
Նրա խոսքով՝ ինքն իր պաշտպանյալի հետ իրավունք ունի գրագրության միջոցով շփվել, հետևաբար ոստիկանների վարքը անհասկանալի է։
Այս գործով մյուս փաստաբան Գևորգյանը նկատեց, որ «իշխանությունները ինչ-որ բան են պլանավորել»։
«Դատական քննության այսպիսի նախադեպ երկար տարիներ Հայաստանում չեմ տեսել, երբ դատական դահլիճում կանգնած է 30-35 ոստիկան ու ընդամենը տասը կարգադրիչ։ Կռիվ հրահրելու հրահանգ կար, ինձ թվում է», - ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարքագիծը և հնարավոր է՝ նա չի տիրապետում իրավիճակին։