28/06/2017 15:10
ԱԻՆ-ում ստորագրվել է եռակողմ համաձայնագիր. Հայաստանի սահմանամերձ համայնքները լինելու են առավել պաշտպանված
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև ստորագրվել է «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. Համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագիրը:
Ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Ծրագրով նախատեսվում է սահմանամերձ համայնքներում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության հենակետերում իրականացնել առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ, ինչը թույլ կտա տեղում գործող ուժեղացված փրկարարական ուժերին ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին:
Նախատեսվում է նաև վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքների մանկապարտեզների և դպրոցների մանկավարժական կազմի հետ, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին սովորեցնեն երեխաներին անվտանգության վարքականոնները տարատեսակ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ:
Բնակչության պաշտպանության և պատրաստվածության դասընթացների կարևորագույն բաղադրիչներից է նաև միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցանումը:
«Սահմանամերձ համայնքներում բնակչության պաշտպանությունն ու պատրաստվածությունը յուրահատկություններ ունեցող ոլորտ է, և շատ կարևոր է, որպեսզի բնակիչները պատրաստված լինեն տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելուն: Սա իրական աջակցություն է համայնքներին, վերջիններիս դիմակայունության բարձրացման հարցում», - ասել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: