28/06/2017 13:13
Նախաքննության փուլում ձեռք բերված տվյալները հրապարակելը ճիշտ չէ. Արթուր Դավթյանը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրության մասին
Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և ձեռք բերված տվյալները հրապարակելը ճիշտ չի լինի, լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրությանը:
Դատախազը չհամաձայնեց այն պնդման հետ, որ մինչ այս պահը գործով մեղադրյալ չներկայացնելը նշանակում է կոծկել իրողությունը:
«Որևէ անձի դատի տալը ունի օրենքով նախատեսված չափորոշիչներ: Եթե իրականացվում է նախաքննություն ու այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ, դա օրենքի պահանջից բխող համապատասխան հետևանք է: Քանի որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, ձեռք բերված տվյալները, փաստարկները ճիշտ չի լինի հրապարակել», - ասաց գլխավոր դատախազը:
Անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ Ա. Դավթյանը նշեց, որ գլխավոր դատախազությունն առավելագույնս թափանցիկ է եղել, ԱԺ ընտրությունների ընթացքում 20 քրեական գործ է հարուցվել, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում՝ 10:
«Տեղաշարժ կա, արդյունքներում կայացվել են հիմնավոր, պատշաճ որոշումներ, մեղադրյալներ կան: Հարուցված 20 քրեական գործից 14-ն ուղարկվել է դատարան, այսինքն՝ առնվանզ 13 անձ դատի է տրվել քրեական պատասխանատվության ենթարկվելու համար», - եզրափակեց խոսքը նա: