28/06/2017 13:22
Վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ. Արթուր Դավթյանը՝ կոռուպցիոն գործընթացում դատախազների ներգրավածության մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է խիստ վերաբերվել համակարգում կոռուպցիոն դրսևորումներին, այս մասին դատախազը հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս ձերբակալված դատախազին:
Արթուր Դավթյանն ընդգծեց՝ չի կարելի բացառել, որ 337 դատախազից ոչ ոք այսօր, երեկ, տասն օր առաջ ներգրավված չի եղել որևէ կոռուպցիոն գործընթացի մեջ.
«Եթե պարզվեց այդպիսի իրավիճակ, դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, այս իրավիճակում վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ», - նշեց դատախազը:
Դիտարկմանը, թե կան արդյոք համապատասխան ստուգման մեխանիզմներ՝ հաշվի առնելով այն հանագամանքը, որ քաղաքացիները ոչ միշտ են համարձակվում հաղորդում տալ կոռուպցիայի մասին, Արթուր Դավթյանն ասաց.
«Ստորադաս դատախազների կայացրած համապատասխան ակտերը ստուգվում են վերադաս դատախազների կողմից, այսինքն, եթե նույնիսկ չլինեն համապատասխան հաղորդումներ, մենք համապատասխան որոշումների օրինականությունը ստուգելիս հայտնաբերում ենք խախտումներ, դրանց համաչափությամբ հետևանքներ են առաջանում»: