28/06/2017 11:20
Նախագահի աշխատակազմը 2016-ին 18 պաշտոնական այց է կատարել, հատկացվել է 579 մլն դրամ. Արմեն Գևորգյան
Խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի ամփոփման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանից, թե որքա՞ն գումար է ծախսվել նախագահի գործուղումների համար:
«Նախորդ տարի 18 պաշտոնական այց է կատարվել, ինչի համար աշխատակազմին 579 մլն դրամ է հատկացվել, սակայն ընթացքում վերաբաշխումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում տարվա վերջում գործուղումներին հատկացված գումարը կազմել է 663 մլն դրամ», - ասաց Ա. Գևորգյանը։
Մանե Թանդիլյանը պնդեց, որ իրեն, մասնավորապես, հետաքրքրում է, թե որքա՞ն գումար է ծախսվել հենց նախագահի գործուղումների համար. «Դա հետաքրքիր ցուցանիշ է, որպեսզի հասկանանք, թե որքանով է մեկ անձի կտրվածքով ցուցանիշը»:
Արմեն Գևորգյանն ընդգծեց, որ իրենք առանձին ցուցանիշ չեն կարող ներկայացնել: ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ յուրաքանչյուր անձի համար հստակ չափաբաժին կա սահմանված, որը ներառում է օրապահիկը, տոմսի արժեքը և այլն:
«Դրա համար էլ ուզում եմ տեսնել, թե որքան գումար է հատկացվել, որպեսզի հասկանամ չափանիշից ավելի է, թե ոչ», - ասաց Մ. Թանդիլյանը:
Հրայր Թովմասյանն առաջարկեց նման առաջարկով դիմել ֆինանսների նախարարին: