28/06/2017 13:37
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԺԿ քաղաքական խմբից. Արփինե Հովհաննիսյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում հունիսի 28-ին թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշվել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: Այս մասին Ստրասբուրգից Aysor.am-ին փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է 30 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:
Ա.Հովհաննիսյանի փոխանցմամբ, ողջ ադրբեջանական լոբբին պայքարում էր Ագրամունտի համար, պաշտպանում էր նրան և ավելին, այն մարդիկ, ովքեր դեմ էին, չեն մասնակցել քվեարկությանը:
Հիշեցնենք՝ հունիսի 26-ին ԵԽԽՎ հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը, ձայների մեծամասնությամբ քվեարկել Է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին: Արդեն երեկ, հունիսի 27-ին վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձև էին ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ: