28/06/2017 12:20
Ողջունելի է, որ ընդդիմությունը մի քանի ամսով հետաձգում է հեղափոխությունը. Դավիթ Հարությունյան
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ողջունելի է համարում ընդդիմադիրների հայտարարություններն այն մասին, որ նրանք արդեն հեղափոխություն խոստանում են մի քանի ամսից, այլ ոչ թե հենց վաղը:
«Տարիներ շարունակ թավշյա հեղափոխության մասին խոսողներն անըդհատ ասում էին՝ «վաղը, վաղը», հիմա գոնե մի քանի ամսով հետաձգում են: Դա ողջունելի է», - ասաց Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ թավշյա հեղափոխություն իրականացնելու մասին հայտարարությանը:
Հարությունյանն ընդգծեց, որ իրեն «թավշյա հեղափոխություն» բառակապակցությունը մեծ հաշվով ոչինչ չի ասում. «Ես չեմ պատկերացնում, թե ինչ է ասել «թավշյա հեղափոխություն»»:
Նախարարը չհամաձայնեց այն պնդմանը, թե Սեյրան Օհանյանի մասնակցությունը «Ժառանգության» համագումարին բարձրացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի կշիռը, և միևնույն ժամանակ ընդգծեց.
«Եթե ընդդիմադիրների խոսքը պարունակում է առողջ քննադատություն և այդտեղ կա միտք, ապա դա շատ լավ է ու ողջունելի: Դա ստիպում է իշխանությանն ավելի ճկուն լինել, մտածել, բացթողումները տեսնել: Ես ողջունում եմ ցանկացած կոնստրուկտիվ հայտարաություն»: