28/06/2017 11:45
Մենք պետք է միաբանվենք՝ ընդդեմ թուրքական ժխտողականության. Շարմազանովը՝ չեխ պատգամավորներին
Ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի անունից Պատգամավորների պալատում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը: Ընդունելությանը մասնակցել է նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու ուղղությամբ կատարած աշխատանքի, ինչպես նաև չեխ-հայկական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ պատվո մեդալ, ՀՀ ԱԺ պատվոգիր և ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորների:
Ընդունելության ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը լրջագույն քայլ էր՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ընդդեմ ցեղասպանությունների: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին մեծ աղետն էր և Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ձեր երկրի պատասխանն է ընդդեմ բարբարոսության: Մենք հիացած ենք ձեր խիզախությամբ, դրանով դուք կանխում եք նոր ցեղասպանությունները: Հարկ է նշել, որ Թուրքիան 102 տարվա ընթացքում չի փոխվել. շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Մենք պետք է միաբանվենք ընդդեմ թուրքական ժխտողականության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության»,-ասել է Էդուարդ Շարմազանովը։