28/06/2017 18:06
Ադրբեջանը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի անկախությունը. Էդուարդ Շարմազանով
Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր:
Պատվիրակության անդամները, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորել են պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ և համագործակցված աշխատանքի անհրաժեշտությանը:
Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները՝ նշելով, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով: Նա ընդգծել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումով բարձրացել է ՀՀ Ազգային ժողովի դերակատարությունը, ընդլայնվել են լիազորությունները: Այս համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին և հավելել, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները պետք է առավել ակտիվացնել ու սերտացնել:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ հիմնված 3 հայտնի սկզբունքների վրա:
«90-ականների սկզբին Չեխիայի և Սլովակիայի քաղաքակիրթ բաժանումը և երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ նախադեպ հանդիսանալ նաև ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանը, դրա փոխարեն մերժելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պատերազմ պարտադրեց Արցախի ազատատենչ ժողովրդին», - ասել է Է. Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի անկախությունը: «Արցախի անկախությանն այլընտրանք չկա», - ընդգծել է նա: