28/06/2017 13:34
Փաստաբանների խուզարկություններն անվտանգության ապահովման համար են. Կարեն Փոլադյան
Դատական կարգադրիչներն իրենց լիազորություններն են իրականացնում՝ դատարան մուտք գործած անձանց զննության ենթարկելով, լրագրողներին ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն՝ անդրադառնալով փաստաբանների խուզարկություններին:
«Պրակտիկան եղել է, գուցե դուք չեք նկատել, որովհետև պարբերաբար չի եղել, բայց մենք ստիճանաբար հասնելու ենք այն վիճակին, որ բոլոր դատարաններում, բոլոր անձինք, երբ մուտք գործեն դատարան, կլինեն մեղադրյալ, թե փաստաբան, ենթարկվելու են զննության», - ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք սա չի կարող ուղղված լինել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի բացահայտմանը՝ Փոլադյանը նշեց.
«Որևէ դատական կարգադրիչի չի հետաքրքրում, թե փաստաբանների պայուսակներում և դրամապանակներում ինչ կա: Սա արվում է բացառապես դատարանում գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու և դատարանում հասարակական կարգ ապահովելու նպատակով: Մենք ընդամենը առաջարկում ենք իրենց հետ դատարան չբերել այն բոլոր իրերը, որոնք առիթ են տալիս ձայնային ազդանշան բերելու»:
Փոլադյանն ասաց, որ նախատեսվում է դատարանների մուտքի դիմաց ապագայում ունենալ այնպիսի տեխնիկական զինվածություն, որը մուտք գործող յուրաքանչյուր անձի կստուգի: