28/06/2017 21:53
ՀՀԿ-ում 2018 թվականի վարչապետի հարցը կքննարկվի շատ ավելի ուշ, երբ կմոտենա խնդրի քննարկման պահը. Գագիկ Մինասյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի այսօրվա նիստում չի քննարկվել այն հարցը, թե ով է լինելու ՀՀ վարչապետը 2018 թվականից հետո:
«Այդ հարցը կուսակցության գործադիր մարմնում կքննարկվի շատ ավելի ուշ, երբ կմոտենա խնդրի քննարկման պահը»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԳՄ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նա նշեց, որ քննարկելու բազմաթիվ օրակարգային խնդիրներ կան:
«Եթե մի քանի օր առաջ չափազանց կարևոր խնդիր էր կառավարության ծրագիրը, ապա այսօր կարևոր խնդիր է 2016թ.-ի պետական բյուջեի հաշվետվությունը: Երբ մենք սկսենք ԱԺ աշնանային նստաշրջանը, չափազանց կարևոր խնդիր կլինի բոլոր այն օրենքների ընդունումը, որոնք իրենցով պայմանավորելու են 2018թ.-ի ապրիլից խորհրդարանական լիարժեք կառավարման անցումը: Դրանից հետո կլինեն չափազանց ավելի լուրջ խնդիրներ՝ կապված 2018թ.-ի բյուջեի նախագծի հետ: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մեզ համար այսօր, վաղը, մյուս օրը լինելու են չափազանց առարկայական»,- նշեց Գագիկ Մինասյանը: