28/06/2017 18:16
Մեյ. Brexit-ից անցումային շրջանն անվերջ չի լինի
Եվրամիությունից դուրս գալն իրականացնելիս Մեծ Բրիտանիային կարող է պահանջվել անցումային շրջան, բայց այն անվերջ չի լինի, խորհրդարանում հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Երբ մենք իմանանք՝ ինչպիսին կլինեն ԵՄ-ի հետ մեր ապագա հարաբերությունները, մեզ կպահանջվի Brexit-ի մասին համաձայնագրի կետերի իրագործման ժամանակաշրջան: Սակայն դա չի նշանակելու, որ անցումային շրջանն անվերջ կլինի: Մենք դուրս ենք գալիս Եվրամիությունից: Դա այն է, ինչ ցանկանում է ժողովուրդը, և դա այն է, ինչ ես կանեմ», - ասել է նա:
Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են հունիսի 19-ին և պետք է շարունակվեն մինչև հաջորդ տարվա նոյեմբեր, ինչից հետո ազգային խորհրդարանները ժամանակ կունենան դրանց վավերացման համար: Ենթադրվում է, որ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության դադարեցման ամսաթիվը կլինի 2019 թվականի մարտի 29-ը: