28/06/2017 13:51
Կարկատան անելով՝ հաստատության հարցը չի լուծվի. Դավիթ Հարությունյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վերանորոգման մասին
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի վերանորոգումը պահանջում է վիթխարի ռեսուրներ, ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը`պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե որքան ժամանակ ու միջոցն է անհրաժեշտ «Նուբարաշենում» գարշահոտությունը վերացնելու համար:
«Ես կարծում եմ`պահանջվում է վիթխարի ռեսուրս, որովհետև «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ունի համակարգային պրոբլեմներ, կոյուղագծերի, կառուցման: Անկեղծ ասեմ, եթե լիներ այլընտրանք`արմատապես փոխել կոյուղագծերը, կապիտալ վերանորոգում անել, թե այդ գումարները ծախսել նոր ՔԿՀ կառուցման թեկուզ առաջին փուլի վրա, ես կնախընտրեի առաջին տարբերակը», - ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ կարկատան-կարկատան անելով՝ հաստատության հարցը չի լուծվի:
«Մենք պարզ գիտակցում ենք մեր խնդիրները, բայց չեմ կարծում, որ առաջնահերթությունը զուտ գարշահոտությամբ է պայմանավորված: Դուք կարող եք այլ ՔԿՀ-ների օրինակով տեսնել: Եթե պրոբլեմները ես սկսեմ թվարկել, դրանք անհամեմատ ավելի մեծ ու լուրջ են, քան Ձեր նշածը», - ասաց նախարարը: